ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

«ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ, ԱՌԱՆՑ ՈՉԻՆՉ ԱՆԵԼՈՒ, ՀՐԱՇՔ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆԱ»

«ՀԵՆՑ ԱՅՆՊԵՍ, ԱՌԱՆՑ ՈՉԻՆՉ ԱՆԵԼՈՒ, ՀՐԱՇՔ ՏԵՂԻ ՉԻ ՈՒՆԵՆԱ»
23.09.2011 | 00:00

Հայաստանում կանանց հիվանդությունների աղյուսակում մահացության առաջին տեղն զբաղեցնում է կրծքագեղձի քաղցկեղը: Մասնագետների կարծիքով, այն ավելի հեշտ է կանխարգելել, քան բուժել: Նույն կարծիքին է նաև Երևանում գործող Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն ԽԱՉԱՆՈՒՇ ՀԱԿՈԲՅԱՆԸ:
-Տիկին Հակոբյան, ի՞նչ հիվանդություն է քաղցկեղը:
-Քաղցկեղը դարի, կարելի է ասել, ամենանենգ հիվանդությունն է: Ինչո՞ւ, որովհետև այն մինչև շոշափելի դառնալը չի զգացվում, չի ցավում, անհանգստություն և տհաճություն չի պատճառում, այսինքն, մարդը քաղցկեղի գոյությունն իր ներսում չի զգում այնքան ժամանակ, քանի դեռ հիվանդությունը չի խորացել: Այն շոշափելի է դառնում բավականին ուշ, երբ այլևս բուժումն անհնարին է, դրա համար էլ խորհուրդ ենք տալիս կանանց զբաղվել իրենց առողջությամբ: Կինը, որն ապրում է 21-րդ դարում, ուղղակի իրավունք չունի չիմանալու, որ քաղցկեղից խուսափելու միակ ելքը տարին մեկ անգամ բժշկին այցելելն է, հերթական հետազոտություններն անցնելը: Նա պետք է հասկանա, որ դրանով ապահովում է և՛ իր կյանքի որակը, և՛ իր ընտանիքի երջանկությունը:
-Այնուամենայնիվ, ի՞նչը կարող է քաղցկեղի առաջացման պատճառ լինել:
-Բժշկագիտությանն առայժ հայտնի չեն քաղցկեղի առաջացման պատճառները, այլապես հայտնի կդառնային նաև բուժման և կանխարգելման ձևերն ու մեթոդները: Բայց կան գործոններ, որոնք, այս կամ այն կերպ ազդելով մարդու օրգանիզմի վրա, առաջ են բերում քաղցկեղ հիվանդությունը: Ինչո՞ւ եմ ասում մարդու, որովհետև հիվանդանում են նաև տղամարդիկ: Հետազոտել ենք 400 տղամարդու, որոնցից 300-ի մոտ հայտնաբերվել են բարորակ գոյացություններ, սակայն ունենք նաև կրծքի քաղցկեղով հիվանդ 30 տղամարդ: Առաջին հերթին դա գենետիկայի հետևանք է, այնուհետև` սթրեսների, որոնց մենք ենթարկվում ենք գրեթե ամեն օր: Սա այն հոգեվիճակն է, երբ մարդն իր համար ստեղծում է անլուծելի թվացող խնդիրներ և իրեն ենթարկում երկարատև տառապանքների: Ցավոք, հայ կանանց մեծ մասն այսպիսի կյանքով է ապրում:
-Ո՞ր տարիքում է կնոջ մոտ մեծանում կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը:
-Այս հիվանդությամբ կարող են հիվանդանալ ցանկացած տարիքում, այն չի հարցնում ո՛չ տարիք, ո՛չ ժամանակ, ո՛չ ապրելակերպ: Իսկ առհասարակ, կրծքագեղձի քաղցկեղով հիվանդանալու հնարավորությունը մեծանում է 40-ից հետո: Ընդհանրապես, խորհուրդ է տրվում կանանց, որոնք արդեն 35 տարեկան են, տարին մեկ անգամ անցնել մամոգրաֆիկ հետազոտություն (սոնոգրաֆիա), որովհետև հենց այդ տարիքում են կնոջ մոտ կատարվում հորմոնալ փոփոխություններ, ինչն էլ, իհարկե, սերտորեն կապված է կրծքագեղձի հետ:
-Նախնական փուլում հայտնաբերված քաղցկեղը պարտադիր վիրահատությո՞ւն է պահանջում, ո՞րն է բուժման ամենաարդյունավետ մեթոդը:
-Երբ քաղցկեղը հայտնաբերում ենք շատ վաղ փուլում, այսինքն` այն ժամանակ, երբ վիրաբույժի աչքի համար նույնիսկ անտեսանելի է, ասեղնային ուղեցուցային լոկալիզացիայի օգնությամբ (չշոշափվող քաղցկեղի նախավիրահատական տեղայնացում) նշում ենք ախտահարված հատվածը: Այսինքն, կարմիր թելով երկար ասեղի օգնությամբ մասնագետը կարողանում է «հասնել» կրծքում գոյություն ունեցող այդ աննշան բջջին: Այնուհետև ասեղը հանվում է, թելը մնում կրծքի մեջ: Հիվանդը գնում է վիրաբույժի մոտ , կատարվում է վիրահատություն, և կինը չի կորցնում կուրծքը: Սա քաղցկեղի կանխարգելման միակ արդյունավետ միջոցն է:
-Նշեցիք, որ շատ վաղ փուլում հայտնաբերված հիվանդությունը հնարավոր է բուժել: Եղե՞լ են դեպքեր, որ նույնիսկ այդ դեպքում չի հաջողվել փրկել հիվանդի կյանքը:
-Համենայն դեպս, այդ փուլում հետազոտված կանանց մոտ մահացություն չենք գրանցել: Այնպես որ, հույս ունենք, որ այդ կանայք առողջ և երջանիկ կյանքով են ապրելու:
-Թա՞նկ հաճույք է այդ վիրահատությունը:
-Առայժմ չունենք վիրահատարան, և գների մասին խոսել չեմ կարող, սակայն համոզված եմ, որ մի քանի ամսից մեր վիրահատարանը կգործի, և գները բոլորին մատչելի կլինեն:
-Ի վերջո, ինչպե՞ս խուսափել կրծքագեղձի քաղցկեղից: Ի՞նչ կարևոր նախապայմաններ են անհրաժեշտ դրա համար:
-Շատ կարևոր է, որ աղջիկը ժամանակին հասունանա, այսինքն` դաշտանի սկիզբը (12-14 տարեկանում) և դաշտանադադարը ժամանակին լինեն (45-50 տարեկանում): Կարևոր է, որ կինը ժամանակին ամուսնանա և ծննդաբերի (ոչ թե 45-ից հետո, այլ վերարտադրողական ֆունկցիայի ծաղկման փուլում` 18-ից մինչև 40 տարեկանը): Այն կանայք, որոնք ծննդաբերում են մինչև 35 տարեկան հասակը , նրանց կուրծքն ավելի առողջ է: Կարևոր նախապայման է նաև երեխային կրծքով կերակրելը: Շատ կարևոր է առողջ ապրելակերպը: Պետք է շարժուն կյանքով ապրել, չծխել, շատ չգիրանալ։
-Սննդակարգի պահպանումը նույնպե՞ս իր ազդեցությունն է թողնում այդ հիվանդության վրա:
-Բնականաբար: Ամբողջ աշխարհն է այսօր դա փաստում: Օրինակ, սոխի և սխտորի օգտագործումը շատ օգտակար է նման հիվանդություններից խուսափելու համար: Կարևոր է կարմիր խաղողի և լոլիկի օգտագործումը: Անհրաժեշտ է մեր սննդակարգից պակասեցնել միսը, որովհետև միսը ստեղծում է թթվային միջավայր, որտեղ քաղցկեղի բջիջները շատ արագ են զարգանում: Հատկապես քաղցկեղով հիվանդ մարդը պարտավոր է սահմանափակել մսի օգտագործումը: Ցանկալի է այն փոխարինել թռչնամսով կամ ձկով: Անչափ օգտակար է սննդի մեջ յոդի առկայությունը, մեծ քանակությամբ բանջարեղենի օգտագործումը: Կարևոր նախապայմաններից է սուրճը չչարաշահելը (երկու բաժակից ոչ ավելի): Օգտակար է օրական 100 գրամ կարմիր գինու և դառը շոկոլադի գործածումը: Դրանց համակցումը օրգանիզմի համար համարյա քիմիաթերապիային հավասար մի բան է: Ոչ պակաս կարևոր է մաքուր օդում քայլելը, սպորտով զբաղվելը:
-Մամոգրաֆիայի կենտրոնը գործում է շուրջ տասնչորս տարի: Քանի՞ կին է հետազոտվել այդ ժամանակաընթացքում:
-Այս տարիների ընթացքում կենտրոնում հետազոտվել է 235 հազար կին, 106-107 հազարը միայն կրծքագեղձի հետազոտություն է անցել, մյուսները հետազոտվել են տարբեր բաժանմունքներում: Կրծքագեղձի հետազոտություններից հետո 7200 կնոջ մոտ կրծքի քաղցկեղ է հայտնաբերվել, 2800-ի մոտ կրծքագեղձի քաղցկեղը հայտնաբերվել է շատ վաղ փուլում:
Օրական սկրինինգային ծրագրով մեր կենտրոնում հետազոտվում, ախտորոշվում է այցելուների 40 տոկոսը: Դրանք այն կանայք են, ովքեր ցավ չունեն, բողոքներ չունեն, բայց, գիտակցելով իրենց առողջության կարևորությունը, այցելում են կենտրոն: Մեր մշտական այցելուներից բացի, օրվա մեջ մեզ այցելում են կանայք (մոտ 20 տոկոս), ովքեր առաջին անգամ են բուժզննում անցնում: Շատ այցելուներ կենտրոն են գալիս անչափ լարված և նյարդայնացած վիճակում, մենք ամեն ինչ անում ենք, որ կինը վերագտնի հոգեկան անդորրը: Մեր ամենամեծ գովազդը մեզնից գոհ հեռացող այցելուն է:
-Տեղյակ եմ, որ պարբերաբար Հայաստանի մարզեր եք այցելում և հետազոտություն անցկացնում տեղաբնակների շրջանում: Դա նաև ա՞յլ նպատակներ է հետապնդում:
-Մենք ունենք մի բարի ավանդույթ` ամիսը չորս անգամ մեր հիմնադիրների պահանջով այցելում ենք տարբեր մարզեր և այն կանանց, որոնք դժվարանում են մայրաքաղաք հասնել, հետազոտում ենք հենց տեղում: Յուրաքանչյուր տարի հոկտեմբերին կազմակերպում ենք առողջությանը նվիրված քայլարշավներ: Այդ բարեգործական միջոցառմանը մասնակցում է ավելի քան 6000 մարդ, որոնք հասկանում են խնդրի լրջությունը և սեփական գիտելիքները փոխանցում իրենց ընտանիքներին ու մեր հասարակությանը:
-Գիտեմ, որ կրծքագեղձի քաղցկեղով հիվանդների ամենաբարձր ցուցանիշը Գեղարքունիքի մարզում է գրանցված: Ինչո՞վ է դա պայմանավորված:
-Իսկապես, վիճակագրությունը ցույց է տալիս, որ Գեղարքունիքի մարզը քաղցկեղով հիվանդների ամենաբարձր ցուցանիշն ունի: Մարզում արտագնա աշխատանքի մեկնող տղամարդկանց թիվը շատ մեծ է, կանայք համեմատաբար ավելի դժվար կյանքով են ապրում, քան այլ մարզերում: Բնականաբար, այս վիճակն էլ հանգեցնում է սթրեսների, որն էլ պատճառներից մեկն է լուրջ հիվանդությունների առաջացման: Բայց պատկերը հիմա մի փոքր փոխվել է, հիվանդության բարձր տոկոս է գրանցվում նաև Արմավիրի մարզում:
-Ի՞նչ պետք է անել, որ մեր օրերում կինը լինի տեղեկացված, թերահավատորեն չմոտենա այս վտանգավոր հիվանդության բուժման հնարավորությանը և, ի վերջո, զբաղվի իր առողջությամբ:
-Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր հասարակությունը տեղեկացված լինի այս հիվանդության մասին: Դա փորձում ենք ազգաբնակչությանը հասցնել տարբեր կերպ` հեռուստատեսության, մամուլի, ռադիոյի միջոցով, բայց ո՛չ բժշկական տերմիններով, ո՛չ դժվարըմբռնելի բառերով, այլ պարզ ու հասարակ լեզվով: Պետք է անպայման վստահես բժշկին, որպեսզի համոզվես, որ բուժման հնարավորություն կա: Հենց այնպես, առանց ոչինչ անելու, հրաշք տեղի չի ունենա: Իհարկե, մեր բժիշկներից էլ շատ բան է կախված, նրանք պետք է լավ աշխատեն, բարի համբավ ունենան, չմտածեն իրենց գրպանի մասին: Շատ կարևոր է, որ մարդը գիտակցում է հիվանդության բուն էության, լրջության մասին, դրանք վերացնելու ուղիներ է փնտրում, ցանկանում ծանոթանալ իր առողջական խնդիրները լուծելու մեթոդներին: Իսկ մենք նրանց օգնում ենք, սովորեցնում` բաժանելով տեղեկատվական, բացատրական բուկլետներ, որոնք վերաբերում են ոչ միայն կրծքագեղձի, այլև արգանդի պարանոցի քաղցկեղին, շաքարախտին, օստեոպորոզին (ոսկորների խտության չափմանը), արյան մեջ խոլեստերինի բարձրացմանը, արյան ճնշմանը և այլ հիվանդությունների:
Զրուցեց Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 1831

Մեկնաբանություններ